Քննչական կոմիտեն միջամտում է եկեղեցու գործերին և խախտում Սահմանադրությունը. սահմանադրագետ

Գոհար Մելոյան. Արխիվային լուսանկար
Գոհար Մելոյանը շեշտել է, որ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու մասին որոշումը չչեղարկելու համար, դա ուղղակի միջամտություն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։ Այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
Մելոյանը հիշեցրել է, որ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Բացի այդ 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։
«Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը»,–գրել է սահմանադրագետը։
Նա ընդգծել է, որ դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հունվարի 6-ին Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։