ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվել է աննախադեպ իրավիճակ, որը կարող է էականորեն ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական կյանքում առկա է մի իրավիճակ, որը նախկինում գրեթե չի հանդիպել։
«Ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որ նախընտրական պայքարի ժամանակ հարցերը լինեին` Արարա՞տ, թե՞ Արագած, խոսքը գնար ազգային ինքնությունը պաշտպանելու, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին»,– ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հանրային օրակարգում առաջ են եկել հիմնարար արժեքներին առնչվող հարցեր, որոնք միավորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր դաշտում, անկախ գաղափարական տարբերություններից կամ անձնական հարաբերություններից, ձևավորվել է գրեթե միասնական խոսույթ։
«Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում համագործակցության բավականին լուրջ հիմքեր կան։ Սա բացառիկ իրավիճակ է, և ևս մի հանգամանք, որը հնարավորություն է տալիս ու լավատեսություն հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ նախկինում նախընտրական գործընթացների ժամանակ պայքարն անձերի և ծրագրեր մեջ էր։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։