ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունենք, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով էլ որոշում կկայացնեն։
«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովել, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Բայց այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»,– ասաց նա։
Ըստ Քոչարյանի` այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն դեռևս ինքն է։
«Այսօրվա դրությամբ այդպես է հավանական թեկնածուն ես եմ, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,– հավելեց Քոչարյանը։
2–րդ նախագահը նշեց, որ հասկանալու համար պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։