ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը` տնային կանալքը, երկարաձգել ևս 3 ամսով։
Նշենք, որ դեկտեմբերին երկու ամսով երկարաձգվել է տեր Գարեգինի տնային կալանքի ժամկետը։
«Մեղադրյալը, ազատության մեջ մնալու դեպքում, հնարավոր է` չկատարի Քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Սույն փուլում ևս մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է»,– ասաց դատախազը։
Տեր Գարեգինի փաստաբան Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ հանրային մեղադրողի հիմնավորումները` կապված խափանման միջոցի հետ, ոչնչով չէի տարբերվում նրանից, ինչ ներկայացվեց Մկրտիչ սրբազանին կալանքի համար։
Պետրոս Պետրոսյան
© Sputnik
«Որևէ առարկայական հիմնավորում, թե ինչով է դա վերաբերում տեր Գարեգին քահանա Արսենյանին, չկար»,– ասաց Պետրոսյանը։
Հոգևորականի փաստաբաններից Արմեն Մելքոնյան էլ դատարանին հիշեցրեց, որ արդեն 100 օր է՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորը զրկված է ծառայություններից և իր հոտի հետ շփվելու հնարավորությունից։
«Իսկ մարդիկ, որոնք նույն եկեղեցու կանոնների համաձայն իրավունք չունեն ծիսակարագ կատարել, գնում են եկեղեցի ու կատարում են»,–ասաց Մելքոնյանը։
Փաստաբանները հիշեցրին, որ Արագածոտնի թեմի դիվանապետը նախկինում երբևէ դատված չի եղել, ունի կայուն ընտանեկան և սոցիալական կապեր, իսկ նախաքննության ընթացքում դրսևորել է բացառապես օրինապահ վարքագիծ։ Այս ամենը, ըստ պաշտպանների, խոսում է այն մասին, որ խափանման միջոցը պետք է վերանայվի։
Առաջարկեցին տնային կալանքի փոխարեն կիրառել վարչական հսկողություն և հնարավորություն տալ քահանային կատարել կրոնական ծեսեր ու մասնակցել դրանց։ Եթե, այնուամենայնիվ, դատարանը երկարաձգի տնային կալանքը, ապա փաստաբանը խնդրում է գոնե հնարավորություն տալ Արսենյանին ամեն կիրակի ժամը 10:00-ից 14:00-ն բացակայել մշտական բնակության վայրից՝ պատարագներին մասնակցելու համար։
Ինքը` տեր Գարեգինը խնդրեց դատավորին հնարավորություն տալ իր եղբորն ու քրոջն այցելել իր հետ բնակվող ծնողներին։ Տնային կալանքի ռեժիմի պատճառով նշված հարազատներն իրավունք չունեն այցելել Արսենյանին, և հետևաբար՝ նաև նրա հետ բնակվող ծնողներին։
Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ մեկ վարույթում քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ու Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցների փոփոխման հարցը։ Մեկ ժամ առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց։
2025 թ. հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Հոկտեմբերի 16-ի առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։