ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` չնշելով այդ անձի անունը։
Նշվում է, որ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի (ըստ «Դատալեքսի»` Անուշավան Ղազարյանի. խմբ.) միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի վերաբերյալ։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 23-ին կայացրած վճռով բավարարել է դատախազության հայցը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել է բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ։ Բռնագանձումը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։