ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Այս հայտարարությունն արել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` արձագանքելով ՀՀ կառավարության հաղորդագրությանը։
Գործադիր մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։
«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
«Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը»,– հավելել է գործարարը:
Նա խոստացել է, որ որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնեն փաստաբանական խմբի հայտարարությամբ
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։