ՀԾԿՀ–ն իմացել է ՀԷՑ–ի խնդիրների մասին․ Ղազինյանը դատարանում մանրամասներ հայտնեց

Դավիթ Ղազինյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուսներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի աշխատանքում ի հայտ եկող այս կամ այն խնդիրների մասին, բայց հիմա լռելը ձեռնտու է ։ ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Տաշիր կապիտալ» ընկերությունը ՀՀ վարչական դատարանում վիճարկում է ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու հարցը։ Առաջին դատական նիստը կայացել է հունվարի 15-ին։
«Այն թերությունները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսում է հանձնաժողովը, երբևէ համակարգային բնույթ չեն կրել: ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուս մասնաճյուղերում, և որևէ հետևողականության մասին խոսել հնարավոր չէ։ Այսպես ասեմ` մեկ մասնաճյուղը կարող էր 2 մարզ սպասարկել, բայց մի մարզի 2 ցանցում որոշակի թերություններ կարող էին լինել, բայց մնացածում խնդիր չի եղել։ Այսինքն` համակարգային խնդրի մասին խոսք չի կարող լինել։ ՀԾԿՀ-ն վաղուց տեղյակ է եղել մեր աշխատաոճին, ու բոլոր հարցերով մենք իրենց հետ խորհրդակցել ենք»,- նշեց Ղազինյանը։
Նա վստահեցրեց՝ գլխամասում որևէ խնդիր երբևէ չի եղել։ Ղազինյանն ընդգծեց` չի էլ հավատում, որ մասնաճյուղերից մեկի ղեկավարն այնպիսի քայլ աներ, որ վնաս հասցներ ընկերությանը։
Նա իշխանության նշանակած կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ-ի նոր ղեկավարությանը մեղադրեց, որ ընկերության աշխատակիցներին ստիպել են ցուցմունք տալ նախկին ղեկավարների դեմ:
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։