ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի տուն։ Տեղեկությունը հայտնում է նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնեցին, որ դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Գործարարի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննում էր Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը:
«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։ Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։