ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ այս մասին ասել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որն անազատության մեջ է 2025 թվականի հոկտեմբերից։
Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետ Թավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
«Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը»,- հայտարարել է թեմի առաջնորդը։
Նա նշել է, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը կոպիտ ապօրինություն է, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։
«Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը»,- հայտարարել է սրբազանը։
Թեմի առաջնորդն ընդգծել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Եկեղեցին երբևէ չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։
Նրա խոսքով՝ այսօր ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։
Նա նաև կոչ է արել հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ, սակայն հաստատուն, համբերատար, սակայն անզիջում։
«Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ»,- հայտարարել է թեմի առաջնորդը։
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր նաև, որ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել էր, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
Այսօր արդեն Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (նկատի ունեն կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին, ներկայում՝ Արամայիս Թախմազյանին– խմբ․)։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։