ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Արցախահայերը սպասում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, քանի որ նա լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
«Հույս ունեմ՝ վեհափառ հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, դրան զուգահեռ պետք է նաև թափանցիկ և արդյունավետ գործընթաց լինի, եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցեր վեր հանվեն և հասցեագրվեն, որ որևէ մեկը, հատկապես իշխանությունը չփորձի այդ հարցերը շահարկել»,- ասաց Բեգլարյանը։
Նշեց՝ խնդիրները պետք է լուծվեն, բայց դա պետք է արվի բացառապես եկեղեցու ներսում։
Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ Բեգլարյանը նշեց՝ այդ ամենը հակասահմանադրական է, հակականոնական, հակապետական և հակաբարոյական։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։