ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Եթե կաթողիկոսի հեռացման արշավին միացած 10 եպիսկոպոսները շարունակեն իրենց ճանապարհը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայ պատմագրության մեջ մտնելու են որպես նզովյալներ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Սրբազանները, կարծելով, թե աստվածատուր առաքելության մեջ են՝ ինչ-որ բան նորոգելու, մոռացել են սեփական բարեվարքության կանոնները և ուղղակի այդ իշխանիկի ձեռքի գործիք են դարձել, հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ սրբազաններից գոնե մեկն իր մեջ պետք է ուժ գտնի, որ հասկանա՝ իրենց բռնած ուղին պիղծ է ոչ միայն աստվածաբանական, այլև մարդկային առումով։ Նրա խոսքով՝ ինչն էլ որ առաջնորդի այդ եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն ընդունելի չեն։
«Եթե այս 10-ը շարունակեն խորացնել իրենց վարքը, իրենք չվարչապետի հետ պետք է մտնեն հայ պատմագրության մեջ որպես նզովյալներ, որպես հայ ժողովրդի ոսոխներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։