Արսեն Ղուկասյանն Ամանորը կդիմավորի ազատության մեջ. տնային կալանքը վերացվել է

Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 31-ից գտնվում էր տնային կալանքի տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը վերացրել է անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը: Ուստի Արսենը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ։ Տարոսը մյուս քաղբանտարկյալներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026 թ. հունվարի 23-ին` ժամը 10:30–ին Նոր Նորքի դատարանում:
Փաստաբանը նշել է, որ դատարանն առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը:
«Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով»,– հավելել է Սողոյանը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։
Հոկտեմբերի 31-ին Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով` տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։