ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված կանոնական պատարագի ժամանակ Տեր Շահե քահանա Հայրապետյանը չզեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Նշենք, որ նախորդ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվել էր ու չէր արտասանվել վեհափառի անունը։ Դրանից հետո մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ակտիվիստ Հայկ Դորունցը վանկարկել էին կաթողիկոսի անունը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները դուրս էին բերել նրանց եկեղեցուց։
Հավելենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որի անվան շուրջ տարիներ շարունակ տարբեր սկանդալներ են պտտվում, այդ թվում՝ օֆշորային հաշիվների վերաբերյալ, այն բարձրաստիճան հոգևորականներից է, որը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասած, շարժմանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։