ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4–7–ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10–12–ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։
Հիշեցնենք նաև` Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին`կոչ անելով հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ օրակարգում է Ազգային եկեղեցական ժողով գումարելու հարցը։
Նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։