Որևիցե հարցի հստակ պատասխան չի հնչել. Ֆերոյանը` մեղադրող կողմին իրենց ուղղած հարցերի մասին

Արմեն Ֆերոյանը տեղեկացրեց, որ այս փուլում կողմերը դեռ միայն հայտնել են իրենց դիրքորոշումները բավականին ծավալուն գործի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Մեղադրող կողմը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի որևէ հարցի հստակ պատասխաններ չի տվել։ Այդ մասին Կարապետյանի գործով մոտ 8 ժամ տևած դատական նիստի ընդմիջմանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Որևիցե հարցի հստակ պատասխան այդպես էլ չստացանք։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ամբողջ գործը Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում, շինծու գործ է»,– հայտարարեց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս փուլում կողմերը դեռ որ միայն հայտնել են իրենց դիրքորոշումները բավականին ծավալուն գործի վերաբերյալ։ Ի դեպ, քրեական գործը բաղկացած է 18 հատորից։
«Վարույթ իրականացնող մարմնի հույսն այն է, որ դատարանների նկատմամբ ենթադրյալ ինչ–որ ճնշումներ բանեցնել կլինի կամ այլ միջոցներով իրենց հաճո ինչ–որ որոշումներ կստանան։ Ես խորը հիասթափված եմ. եթե դատարաններին չբզեն, թողնեն արդարադատություն իրականացնել, ապա վստահ եմ, որ ականատեսը կլինենք, որ այս գործն արագ կարճվի, քանի որ Սամվել Կարապետյանի հետ կապված որևէ փաստարկ, հիմնավորում այս գործի մեջ չկա»,– հայտարարեց Ֆերոյանը։
Սամվել Կարապետյանի պաշտպաններից Լիանա Գասպարյանը հավելեց գործընկերոջը՝ այստեղ չկա իրավական գործընթաց, ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ, հետապնդում, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։
«Այս դատական նիստում ասացի՝ եթե այսօր՝ միջնորդության քննարկման ընթացքում, դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք՝ պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կո՞չ էր։ Պաշտպանների՝ «մեր ձևովը» ո՞րն է։ Բողոքարկել, իրավական գործընթացներ․․․ Բարերարի «մեր ձևովը» ո՞րը պետք է լիներ»,- ավելացրեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։00–ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր արդեն նոյեմբերի 17–ին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Հիշեցնենք նաև` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն: