ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երբ դատարանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը` երկրից դուրս գալու արգելքը վերացրեց, նա որոշեց տոմսեր գնել և գնալ արտերկիր։ Այդ մասին Սարգսյանն ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։
«Տոմսեր գնեցի և նոյեմբերի 8–ին 8–9 օրով պետք է գնայի արտերկիր, ապա վերադառնայի։ Մինչդեռ հաջորդ օրը տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ` դատախազները բողոք բերեցին դատարաններ»,– հայտարարեց Սարգսյանը։
Ի դեպ, փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում մերժվեցին տարբեր գործերով դատախազների բերած 2 միջնորդությունները՝ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկտամամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ։
Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նրա նկատմամբ կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։
ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։