ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ընտրություններից առաջ իշխանությունները բոլոր մեթոդներին դիմելու են էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ հեռանկարում իջեցնելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Համոզված եմ, որ ընտրություններից առաջ բոլոր մեթոդներին դիմելու են (որ, իհարկե, կարող է կարճաժամկետ լինի իրենց համար), որ բերեն, որտեղից ուզում է լինի՝ գազից, ստեղից, էնտեղից, որտեղից գումար ավելացած լինի՝ սակագինը իջեցնեն, ասեն՝ տեսա՞ք` մեր կառավարիչը եկավ, սակագինն իջավ. ընտրեք մեզ»,- ասաց Ղազինյանը։
Նշենք, որ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 29-ին «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։