Հովհաննավանքի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է քաղաքացիների և լրագրողների միջև

ՔՊ–ականների շարքերը համալրած քաղաքացիները, որոնք ակտիվ հայտարարում են, թե Ամենայն հայոց կաթողիկոսն իրացվունք չունի կարգալույծ հռչակել որևէ քահանայի, սրտնեղում են լրագրողների հարցերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հովհաննավանքի մուտքի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է հավաքված քաղաքացիների ու լրագրողների միջև։ Լրագրողները փորձում են հասկանալ, թե ում կոչով են քաղաքացիները հավաքվել կարգալույծ եղած քահանայի հրավիրած պատարագին։ Քաղաքացիներից ոմանք շատ նյարդային են արձագանքում լրագրողների այս հարցերին։
«Ձեզ համար ոչինչ գոյություն չունի ռոբա–սերժական կլանից այն կողմ։ Բարի եղեք` մարդկանց հունից մի հանեք»,–ասաց ՔՊ–ականներից մեկը։
Մեկ ուրիշ տղամարդ էլ բորբոքվեց լրագրողի այն դիտարկումից, որ ինքը եկել է նախկին քահանայի պատարագին մասնակցելու։
«Կարգալույծը ձեր հերերն են»,– լրագրողներին ասաց տղամարդը և մտավ Հովհաննավանք։
Սոցցանցերում «մոլի նիկոլականի» համբավ ձեռք բերած մի կին էլ առհասարակ թեմայից շեղվեց ու հայտարարեց, որ Արցախը երբեք էլ Հայաստանինը չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի հրահրել ու չի պարտվել։
Նշենք, որ հավաքված քաղաքացիները գրեթե միաբերան կրկնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե Ամենայն հայոց կաթողիկոսն իրավունք չունի կարգալույծ անել որևէ քահանայի։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը: