Ոչ ոք չպետք է բանտարկվի քաղաքական գործունեության պատճառով. Բրեդ Շերմանը` Հայաստանի մասին

ԱՄՆ կոնգրեսականը կրկին անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի ու բարձրատիան հոգևորականների բանտարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ոչ ոք չպետք է բանտարկվի և ենթարկվի սեփականության ունեզրկման հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը։
«Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով», – ասել է նա։
Կոնգրեսականը չափազանց կարևոր է համարել, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը։
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ կոնգրեսականը մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Նա այս տարվա հուլիսին X-ի էջում գրել էր, որ խորապես մտահոգված է հայ այլախոհների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ:
Նա իր մտահոգություններն էր փոխանցել նաև ԱՄՆ-ում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Լիլիթ Մակունցին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանի, ապա նրա տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Կալանավորվածների կալանքի ժամկետներն ավելի ուշ երկարացվեցին։