ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակի պաշտոնական նամակում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրության։
Հուլիսի 14-ին հայտնել էինք, որ Մարուքյանը նամակներ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Մարուքյանն իր նամակում, մասնավորաբար, անդրադարձել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
«Հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմիններն այս հետաքննություններն իրականացնելիս կգործեն անկախությամբ, ազնվությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները` ներառյալ պատշաճ դատավարության իրականացումը»,- նշված է Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Դերեն Դերյայի պատասխանում։
Եվրոպական կառույցից վստահեցրել են, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական բաղադրիչն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։ Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Ինչ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ապա տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։