Գործադիրը փոխեց որոշումը. ՀԷՑ–ի հայցից ՀՀ–ն կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թ. օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել ՀՀ–ի դեմ՝ ՀԷՑ–ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար այսօր փոխեց փաստաբանական ընկերությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավելի վաղ` օգոստոսի 21–ի նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունը որոշել էր այս գործով 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։
Այսօրվա որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։
«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։
Գործադիր մարմնից նաև նշել են, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։
«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– նշել են կառավարությունից։
Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
Արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ծանուցում է ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին։
Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։
Հիշեցնենք նաև` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։