ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Թեհրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ, բացարձակապես անհեթեթ են և ուղղված են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խաթարմանը։ Այս մասին այսօր անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Սեյեդ Մոհամմադ Սադրը Seenergyir ալիքին տված հարցազրույցումհայտարարել էր, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ: Պաշտոնյայի խոսքով՝ իրանա-իսրայելական հունիսյան զինված դիմակայությունը «ցույց տվեց, որ Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքն անօգուտ է»:
Զախարովան նշեց, որ այդ հայտարարությունները հերքել է նաև իրանական կողմը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ նման հերյուրանքներ պարբերաբար տարածվում են, և որ դրանց հայտնվելու և տարածման փաստն արժանի է Թեհրանի կողմից սկզբունքային գնահատականի:
«Կարծում ենք, որ կարող է խոսք լինել ապատեղեկատվական արշավի մասին, որն ուղղված է երկու բարեկամ երկրների միջև ռազմավարական գործընկերության խաթարմանը։ Հնարավոր է, որ դա նպատակ ունի վարկաբեկել այն հետևողական աջակցությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել և ցուցաբերում է իր հարավային հարևանին, բարեկամին՝ նրա իրավունքների և ազգային շահերի պաշտպանության գործում», - նշեց Զախարովան։
Դիվանագետն ընդգծեց, որ այդ հերյուրանքների հեղինակները Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժեր են։ Զախարովան նշեց, որ այդ ապատեղեկատվությունը ակտիվորեն «խրախուսվում» է Արևմուտքի կողմից, սակայն վստահ է, որ նման ջանքերը դատապարտված են ձախողման։
Ավելին, Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, հաստատվել է երկկողմ փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: