ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով հարձակվել է Իրանի վրա, Թեհրանն էլ հարվածել է Իսրայելին
10:12 22.06.2025 (Թարմացված է: 10:31 22.06.2025)
© Social media of The White House / XԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին հարվածելու պահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին հարվածելու պահին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով գիշերը հարձակվել է Իրանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածներից հետո դիմել է ազգին և հայտարարել, որ ԱՄՆ-ի հարվածների նպատակը Իրանի միջուկային հնարավորությունները սահմանափակելն է:
Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներին պատասխանելու Իրանի ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ կբերի: Նա ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անվանել է «պատմական պահ», պահանջել իրանցիներից համաձայնել «ավարտել պատերազմը» և սպառնացել նոր հարձակումներով Իրանի վրա, եթե համաձայնություն չլինի:
ԱՄՆ-ի գործողությունները
Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը կիրառել է վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա 12 «հակաբունկերային ռումբեր» նետելու համար: Դրանք կարող են կրել 30,000 ֆունտ (13 տոննա) GBU-57А/B MOP «բունկերային» ռումբեր: Գործի են դրվել նաև 30 «Տոմագավկ» թևավոր հրթիռներ։
Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռներից մեկը «ռումբերի ամբողջական զինապաշար» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա, ինչպես նաև հարվածներ են հասցվել Նաթանզում և Սպահանում գտնվող օբյեկտներին: Հարձակումը, Թրամփի կարծիքով, շատ հաջող էր։ Նա հայտարարել է, որ Իրանի ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ, իրանական Mehr News պարբերականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված օբյեկտները հարվածից որոշ ժամանակ առաջ տարհանվել են:
Վաշինգտոնը կապ է հաստատել Իրանի հետ` տեղեկացնելու, որ ծրագրում է բացառապես կետային հարվածներ, այլ ոչ թե Թեհրանում ռեժիմի փոփոխություն, փոխանցում է CBS-ը:
ԱՄՆ-ը պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե խնդիրը չկարգավորվի։ Թրամփը Թեհրանին սպառնացել է «շատ ավելի լուրջ ողբերգությամբ», եթե խաղաղություն չլինի։
CNN-ը գրում է, որ ԱՄՆ կոնգրեսի բարձրաստիճան հանրապետականներին նախապես տեղեկացրել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին, իսկ դեմոկրատներին՝ ոչ: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է շտապի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թրամփին այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում:
Դեմոկրատ Ջեք Ռիդը հարձակումն անվանել է «մասշտաբային արկածախնդրություն»։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը Թրամփից պատասխաններ է պահանջել Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո:
Ինչպես է արձագանքել Իրանը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ունի իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր տարբերակները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: Այս հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Առավոտյան իրանական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հայֆային և Թել Ավիվին։
Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 20 հրթիռ, բժշկական բրիգադները մեկնել են հրթիռների ընկնելու ենթադրյալ 10 վայրեր, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը: Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 11 մարդ։
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ անցկացնել երկրի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:
«Իրանը լուրջ վնաս չի կրել, քանի որ նյութերը նախապես դուրս էին բերվել օբյեկտներից»,- հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին:
Իրանի խորհրդարանի անդամը պնդում է, որ Ֆորդոյում գտնվող օբյեկտի մակերեսին է միայն վնաս է հասցվել և այն կարող է վերականգնվել:
ԱՄՆ հարվածներին համաշխարհային արձագանքը
ԱՄՆ-ի գործողությունները դատապարտել է Չիլիի նախագահը. «Իշխանություն ունենալը իրավունք չի տալիս այն օգտագործել կանոնների խախտմամբ, նույնիսկ եթե դուք Միացյալ Նահանգներն եք»,- ընդգծել է Գաբրիել Բորիչը: ️Կոլումբիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շտապ վերադառնալ բանակցությունների ուղի։ Դիվանագիտական երկխոսության կողմնակից է նաև Մեքսիկայի ԱԳՆ-ն։
«ԱՄՆ-ն պատասխանատվություն կկրի Իրանին հարվածելու համար»,- սպառնացել է Եմենում հութիների ղեկավարության անդամը: ️ՀԱՄԱՍ-ը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին, գրում է թե Times of Israel-ը:
Իրաքի կառավարությունը ևս դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները, հաղորդում է INA-ն։
Բաղդադը կարծում է, որ շարունակական հարձակումները կարող են հանգեցնել վտանգավոր սրման և վատ հետևանքների Մերձավոր Արևելքի այլ երկրների համար։
ՄԱԳԱՏԷ-ն այս պահին չի արձանագրում Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացում՝ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին։