Գևորգ Պապոյանը հերքել է Գառնիկ Դանիելյանի ահազանգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, թե օգոստոսին Վրաստանից վերադարձել է ընդամենը 4 բեռնատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգը, թե Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։
Օգոստոսի 23–ին Գառնիկ Դանիելյանը տեսանյութ էր հրապարակել սոցցանցում և նշել, որ Վերին Լարսի անցակետից Հայաստան վերադարձող մեքենաները բեռնված են գյուղմթերքով` սալորով, դեղձով, խաղողով։ Նա նշել էր, որ բեռնափոխադրողներին չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին: Նա նաև նշել էր, որ բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռ սպասում են անցակետում։
«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը»,–գրել է Պապոյանը։
Պապոյանի հրապարակած տվյալների համաձայն` օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավելի, որոնցից խմիչքներ՝ 610, մրգեր՝ 447 բեռնատար, պերլիտային ավազ՝ 234, բանջարեղեն՝ 315, ծառեր, բույսեր՝ 141 բեռնատար, վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84, քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75, ձուկ՝ 68, էլ. և մեխանիկ. սարքավորումներ՝ 79, ծխախոտ՝ 21, կաթնամթերք՝ 19 և տրիկոտաժ՝ 16 բեռնատար։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցիկ ճանապարհով տեղափոխվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարեց` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակը (հայկական բրենդիի) այսուհետ կարտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Հունիսին նաև ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։ Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Նույն ամսին խնդիրներ առաջացան նաև ծիրանի արտահանման հարցում։ Ծիրան տեղափոխողները դժվարությունների էին բախվել Լարսի անցակետում։
Պապոյանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ ռուսական շուկա հայկական կոնյակ, ծաղիկներ և այլ ապրանքներ արտահանելու խնդիրները լուծված են։