ՀԷՑ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը . Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ` օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Նրա պահանջը վերաբերում է ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու, հայցվորին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում վերականգնելու, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշելուն։
Սա Ղազինյանի 2–րդ հայցն է ՀԷՑ–ի դեմ։ Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել իր պաշտոնում վերականգնվելու համար։
Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է պաշտոնից։
Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։