Սփյուռքի 22 թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել 2 արքեպիսկոպոսի կալանքի համար

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խորը մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ։
Հայտնել էինք, օգոստոսի 15-ին դատարանը մերժեց Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխման, քրեական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց առաքելական եկեղեցու համար անսովոր և սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակովող արգելափակումը ՀՀ դատական համակարգի կողմից:
«Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչև դատական արդար վճռի իրականացումը։ Մոտիկից ծանոթ լինելով մեր 2 հոգևոր եղբայրների կյանքի ուղեգծին` մենք համոզուած ենք, որ լինելով ազատության մեջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննության կամ դատաքննության ընթացքին»,–ասված է հոգևորականների հայտարարության մեջ։
Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները