Կիևը չի մտածում խաղաղության մասին և փորձում է ձգձգել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին այն մասին, որ ինքն անձամբ է հաստատել որոշ գործողություններ Ռուսաստանի Դաշնության դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Կիևի ռեժիմը չի մտածում խաղաղության մասին և ցանկացած բանակցություն դիտարկում է որպես ռազմական գործողությունները ձգձգելու և իշխանությունը պահելու միջոց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին այն մասին, որ ինքն անձամբ է հաստատել Ռուսաստանի Դաշնության դեմ որոշ գործողություններ:
«Հասկանալի է, որ խոսքը նոր դիվերսիաների և ահաբեկչությունների կազմակերպման փորձերի մասին է, այդ թվում՝ արևմտյան սպառազինության կիրառմամբ։ Դա հաստատում է, որ Կիևի ռեժիմը ինչպես չէր մտածում խաղաղության մասին, այնպես էլ հիմա չի մտածում, ցանկացած բանակցություն դիտարկում է որպես ռազմական գործողությունները ձգձգելու և սեփական իշխանությունը պահելու միջոց»,-նշել է Ֆադեևը։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև այդ բանակցությունների անցկացման ծրագրերը հաստատեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա: Բացի այդ, ինչպես նշել է Ուշակովը, «Ալյասկայում և Արկտիկայում հատվում են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական շահերը», «մասշտաբային և փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարներ են երևում»: Ուշակովի խոսքով՝ Կրեմլն ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը կկայանա Ռուսաստանի տարածքում։