ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոփոխելու համար նոր միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Արշակյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ–ում վատացել է։ Նա կալանքից առաջ քաղցկեղի հետ կապված վիրահատություն է տարել։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները։ Պաշտպանը հայտնել էր, որ 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:
Պաշտպանը հիշեցրել է, որ ներկայացված նախորդ միջնորդությունը դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել էր վարույթ ընդունել։ Հարությունյանի խոսքով՝ մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ տեխնիկական, ուստի պաշտպանական կողմը որոշում է կայացրել նոր միջնորդություն ներկայացնել։
«Դատարանի կողմից Աղվանի առողջական վիճակի վատթարացումը չի դիտվել որպես ոչ էական կամ ուշադրության ոչ արժանի հանգամանք: Հուսով ենք, որ նոր միջնորդությունը կընդունվի վարույթ և կենթարկվի պատշաճ քննության»,- գրել է Հարությունյանը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Աղվան Արշակյանի գործով հրատապ կերպով նոր միջնորդություն ներկայացնելու համար ՄԻՊ-ից խնդրել են իրենց արձանագրումների վերաբերյալ գրություն տրամադրել։
Հարությունյանը նաև հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրացում. փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ հայտնեց, որ Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու վերաբերյալ միջոնրդությունն ընդունվել է վարույթ (դատավոր` Գնել Գասպարյան)։ Նիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 8–ին, ժամը 17:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։