ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց պաշտպանական թիմի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը գործարար Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։
«Որոշ գործեր դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մի շարք դեպքերում դատարանը 9 մլն դրամի չափով կալանք է դրել գույքի վրա, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի և բլոգերներից մեկի նկատմամբ», – հայտնեց Ալոյանը։
Նրա խոսքով՝ հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել կամ հերքել սոցցանցերում կամ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունները։ Բացի այդ, «Տաշիր» ընկերությունների խումբը վարչական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։