ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Այսօր` ավելի վաղ, Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։
Այնինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել էր ՀԷՑ և հայտարարել` Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։