Իրանի նախագահը վնասվածք է ստացել իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով. ԶԼՄ

Նախագահն ու բարձրաստիճան այլ անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով թեթև վնասվածք է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ հարված է հասցվել այն շենքին, որտեղ անցկացվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ Իրանի նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ նախագահը և ևս մի քանի պաշտոնատար անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ վեց հրթիռներ ուղղված են եղել դեպի շենքի մուտքերն ու ելքերը՝ տարհանման ուղիները փակելու և օդային հաղորդակցությունը խաթարելու համար։
Ընդգծվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել էր իր դեմ մահափորձի մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: