Արամ Ա-ն Գարեգին Բ-ին է փոխանցել իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները

Երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նրան փոխանցել Արամ Ա–ի պատկերացումները` իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունից։
Նշվում է, որ հունիսի 28–ին Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները` կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և կաթողիկոսարանի դիվանապետ Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը, Էջմիածինում հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետին հետ։
«Գարեգին Բ կաթողիկոսին նրանք փոխանցել են Արամ Ա վեհափառ հայրապետի մտահոգությունները և այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները միաժամանակ լսել են Գարեգին Բ կաթողիկոսի մտահոգություններն ու տեսակետները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։