Իրանն առավոտյան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Հրթիռներից մեկը հարվածել է Բեեր Շևայի յոթհարկանի շենքին։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հաստատվել է երեք մարդու մահը։
Որոշ տվյալներով՝ նրանցից երկուսը գտնվել են մամադում (ապաստարան բնակարանում)։ Հարվածը հասցվել է հենց ապաստարանին, գրում է Haaretz-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը սոցցանցում հայտնել է, որ հայերի շրջանում զոհեր չկան:
Տեղում աշխատում են փրկարարները։ Հաղորդվում է նաև Հայֆայի ուղղությամբ հարվածների մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանն ու Իսրայելը հրադադարի մասին համաձայնության են եկել: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, սակայն, չէր հաստատել այդ հայտարարությունը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։