ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, նա գործում է որպես բռնապետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
Ըստ նրա՝ վարչապետը փորձում է օգտագործել եկեղեցին իր քաղաքական նպատակների համար և ցանկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փոխարինել ավելի կախյալ կերպարով։
«Եկեղեցին ունի իր 1700-ամյա ավանդույթները՝ թե ինչպես լուծել հոգևորականության հետ կապված խնդիրները։ Եվ վարչապետի գործը չէ դրանով զբաղվելը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ Փաշինյանը, այդպիսով խախտում է օրենքը։
«Նա շատ անհանդուրժող է։ «Չնայած նա իրեն դեմոկրատ է անվանում, նա դեմոկրատ չէ։ Նա բռնապետ է, որը չի հանդուրժում նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ», - ասել է Սասունյանը։
ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցչի տեսանկյունից՝ Փաշինյանի խոսքերը Հայ առաքելական եկեղեցու մասին վայել չեն վարչապետին։
«Բացի այն, որ վարչապետը ձեռնարկում է Սահմանադրությանը հակասող անօրինական գործողություններ, նա նաև շատ անպարկեշտ և կոպիտ արտահայտություններ է օգտագործում հոգևորականության նկատմամբ։ Սա անհարիր պահվածք է կառավարության ղեկավարի համար», - ասել է Սասունյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է օրինակ ծառայի, և եթե ինչ-որ բանի հետ համաձայն չէ, պետք է դա արտահայտի քաղաքավարի և ճիշտ, այլ ոչ թե կոպտորեն։
Հիշեցնենք` Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։