ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ –ին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել վեհափառ հայրապետի հետ` խստիվ դատապարտելով հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։