ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը օրեր առաջ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու թաղապետարանի մի խումբ աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել, վստահ է, որ իր դեմ հարձակումը եղել է պլանավորված և միտումնավոր։ Այս մասին Չախոյանը հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ հրավիրված ասուլիում։
Չախոյանը նախ սկսեց հերթականությամբ հերքել իշխանությունների այն հայտարարությունները, թե ինքը վիրավորել է Նոր Նորքի ղեկավարին։ Այդ ընթացքում նա միացրեց բոլոր ձայնագրությունները, որոնք փաստում էին իր խոսքերը։
Ձայնագրություններից մեկի մեջ էլ Տիգրան Տեր-Մարգարյանն անձամբ է ասում, որ Չախոյանին միտումնավոր է զանգահարել և հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել։
Ըստ Չախոյանի, երբ ինքը փորձել է կոռուպցիոն բացահայտումներ անել, Նոր Նորքի թաղապետը նրան աշխատանք է առաջարկել։ Ձայնագրություններից մեկում պարզ լսվում է, թե ինչպես է Տիգրան Տեր-Մարգարյանը նշում, որ եթե Չախոյանը «սրտացավ քաղաքացի է, ապա կարող է համապատասխան աշխատանքի անցնել թաղապետարանում բարձր աշխատավարձով և բարձր լիազորություններով»։
«Ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունքներ, արժեհամակարգ, և ինձ համար կան կարմիր գծեր, որ չեմ անցնում։ Եթե ես պաշտոն ունենամ, բնականաբար, պետք է այս ամենի մասին լռեմ»,–ասաց Չախոյանը։
Նա նաև հերքեց, թե ֆինանսավորվում է ընդդիմության կողմից կամ հանդիսանում է որևէ քաղաքական ուժի «պրոյեկտը»։
Չախոյանի խոսքով` 3 տարվա իր գործունեության մեջ իրեն անհրաժեշտ է եղել միայն հեռախոս, որևէ մեկի ծառայությանը չի դիմել։ Անգամ երբ իրեն դատի են տվել, իր միջոցներով է փաստաբան վարձել։ Բայց այժմ ստիպված կլինի դրամահավաք իրականացնել, որպեսզի կարողանա հոգալ դատական ծախսերը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը, որի անդամ է Նոր Նորքի թաղապետը, թեև դատապարտեցին բռնությունը, բայց և հայտարարեցին, որ կատարվածը սադրանք է։
Հավելենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Միջադեպին մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը` թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը համարելով սադրանքի հետևանք, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն էլ կատարվածի համար ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։
Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ։