ԱԱԾ տնօրենի որդուն պատկանող տունը դուրս է մնացել ապօրինի գույքի բռնագանձման ցանկից. «Հետք»

Ռոբերտ Աբազյանը շուկայականից խիստ ցածր գնով ձեռք է բերել բնակարան Ծառուկյանին պատկանող շենքում, իսկ հիփոթեքային վարկը Խաչատուր Սուքիասյանի բանկն է տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանը չի ներառվել այն գույքի ցանկում, որը դատախազությունը ցանկանում էր բռնագանձել նախկին սեփականատիրոջից: Այս մասին գրում է «Հետքը»։
Եվ այսպես, 225.8 քմ մակերեսով, 600 հազար դոլար արժողությամբ բնակարանը տարօրինակ կերպով դուրս է մնացել այն ցանկից, որը բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատախազությունը Տիգրան Մանուկյանից։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը սահմանադրական է. ՍԴ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրաբար ապօրինի միլիարդավոր դրամների գույք առգրավելու գործը դատարանում է 2023 թվականի հոկտեմբերից։ Տիգրան Մանուկյանը «Շանգրի Լա» խաղատան և ԲՀԿ ղեկավարի հետ փոխկապված այլ ընկերությունների տնօրենն էր։ Մանուկյանից պահանջվում է բռնագանձել հետևյալ գույքը՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը, 21 ավտոմեքենա («Մերսեդես բենս», «Ռենջ Ռովեր», «Բի Էմ Դաբլյու» և այլ մակնիշների), 13 բնակարան Երևանում (Նորք-Մարաշում), 10 ավտոհանգրվան Նորք-Մարաշի նույն շենքում, 2 բնակարան Երևանում (Աբովյան 9 հասցեում)։
Բոլոր բնակարանները գտնվում են Ծառուկյանի ընկերությունների կողմից կառուցված երկու շենքերում։
Աբովյան 9 հասցեում գտնվող և Մանուկյանին պատկանող երրորդ բնակարանը բռնագանձման այս ցանկից դուրս մնալուց հետո նշված բնակարանը 240 միլիոն դրամով գնել է 31-ամյա Ռոբերտ Աբազյանը։ Բնակարանի 1 քմ-ն Ռոբերտ Աբազյանը գնել է 2,627 դոլարին համարժեք դրամով, մինչդեռ, ըստ «Հետքի», Երևանի փոքր կենտրոնում 2024 թ․-ին 1 քմ բնակտարածքի շուկայական արժեքը տատանվել է 3500-4000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Այդ պայմաններով Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի շուկայական արժեքը պետք է լիներ 790- 900 հազար ԱՄՆ դոլարի սահմանում։
Նշվում է, որ բնակարանը ձեռք է բերվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» տրամադրած հիփոթեքային վարկով։
«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ ցանկանում են բռնագանձել ոչ թե Մանուկյանի ամբողջ գույքը, այլ այն, որի իրական սեփականատերը համարում են Ծառուկյանին:
Դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 93 մլն դրամ և 2 անշարժ գույք
Թերքի համար հարցական է մնացել, թե ինչ անհերքելի փաստեր է ձեռք բերել դատախազությունը, որ Աբովյան 9 շենքի 36 և 39 համարի բնակարանների իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, իսկ 30 համարի բնակարանի իրական շահառուն՝ ոչ։
ԱԱԾ-ից էլ պատասխանել են, որ հայցվող տեղեկությունը վերաբերում է քաղաքացի Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքին, այդ իսկ պատճառով չի կարող տրամադրվել։ Բացի այդ, որդին չափահաս է և անկախ ծնողի կարգավիճակից՝ ինքնուրույն է ստանձնում քաղաքացիական իրավունքի ու պարտականությունների համապատասխան ծավալը։