Հանքային ջրերով հայտնի հանգստավայր Արզնիում խորհրդային ժամանակներում բազմաթիվ առողջարաններ են կառուցվել։ Դրանցից մեկին՝ թիվ 3 առողջարանին հասնելու համար պետք է ոտքով անցնել Արզնու ձորի արահետներից մեկով։ Ճանապարհին այլ հետաքրքիր կառույցներ էլ կտեսնեք, հանքային ջրերի աղբյուրներ, որոնք տարբերվում են աղի խտությամբ։
Այս մեկն էլ, ասում են` ամենահայտնի աղբյուրն է՝ ամենահամով ջրով, որն այսօր սեփականշնորհված տարածքում է, բայց անտեր մնացած։
Աղբյուրի մոտից արդեն տեսանելի է թիվ 3 առողջարանի շենքը։
Այն կառուցվել է 1984 թվականին, ճարտարապետը խորհրդային ճարտարապետական մոդեռնիզմի հայտնի ներկայացուցիչներից մեկն է՝ Մարտին Միքայելյանը, ում նախագծով նաև Ջերմուկի հայտնի «Կուռզալն» էր կառուցվել։

Մարտին Միքայելյանը «Կուռզալի» մոտ. Արխիվային լուսանկար
© Photo : provided by Evlin Ordukhanyan
Միքայելյանը հայտնի է տարածքի ամեն միլիմետրը ֆունկցիոնալությամբ նախագծելու վարպետությամբ։ Դա նաև այստեղ է տեսանելի։
Այս ավերակների վերածվածը երբեմնի կինոդահլիճն է։ Տեղացիները հիշում են, թե ինչպես էին գալիս հատկապես հնդկական կինոներ դիտելու։ Կինոյի մասին հիշեցնողն այսօր այս ու այն կողմ նետված կինոժապավեններն են։
Թիվ 3 առողջարանը ոչ թե պարզապես շենք, այլ մի ամբողջական համալիր է եղել՝ կառուցված բարձր մոդեռնիզիմի ոճով։ Ունեցել է ջրավազան, լողավազան, սրճարան, ռեստորան։ Սա, օրինակ, երբեմնի շրջանաձև, երկհարկանի ռեստորան-սրճարանն է։
13-հարկանի կառույցը նախատեսված է եղել 400 հյուրի համար։ Այստեղ ամեն բան այնպիսի դաժանությամբ է ջարդուփշուր արվել, որ անգամ դժվար է սենյակներն իրարից տարբերակել, երբեմն նախասրահների պատերին տեսանելի են հրաշքով փրկված նկարներ, երբեմն էլ՝ սենյակների պաստառների հետքերն են երևում։ Տարել են այն, ինչ հնարավոր է ու անգամ անհնարը՝ վարդակներ, աստիճանաքարեր` ամեն ինչ․․․
Տանիքում տեսանելի են ճոպանուղու հետքերը, որով հյուրերը կարող էին հասնել հարևան բարձունքի առողջարանը։
Այն, ինչ մնացել է ճոպանուղուց
© Sputnik / Aram Nersesyan
90-ականներից առողջարանը մասնավորեցվել է ու, շատ այլ կառույցների նման, տեր ունենալով հանդերձ,անտեր մնացել։
Ի դեպ, ըստ հորինվածքի Հրազդանի կիրճում առողջարանային մի ամբողջ գոտի պիտի կառուցվեր՝ 2500 հյուրի համար, սակայն ավարտին հասցվեց միայն թիվ 3 առողջարանը։