ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ կրթական, մշակութային, սպորտային և այլ հասարակական կազմակերպությունները չեն կարողանա վաճառել խորհրդային տարիներին և մինչև 2005 թվականը (մինչ հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը) պետությունից ստացված շենքերը և այլ գույքը։ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրինագծերում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կազմակերպության ղեկավարությունը կարող է վաճառել այդ գույքը միայն իր անդամների 2/3-ի նոտարական վավերացմամբ համաձայնության դեպքում։ Այնուհետև անհրաժեշտ կլինի հանրային լսումներ անցկացնել վաճառքի նախագծի վերաբերյալ, և եթե վաճառքի որոշում կայացվի, ապա այն պետք է իրականացվի միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով:
Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկի նպատակն է խուսափել իրավիճակներից, երբ կազմակերպության ղեկավարությունը միանձնյա որոշմամբ կարող է վաճառել, օրինակ, իր շենքերը՝ քանդելու և բարձրահարկ շենքեր կառուցելու նպատակով։
«Այսպիսով ցանկանում ենք ապահովել, որ այդ շենքերը ծառայեն իրենց սկզբնական նպատակներին՝ կրթական և մշակութային», – հայտարարել է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ պետք է առանձնացնել հատկապես ՀՀ կույրերի միավորման օրինակը, որն այս տարիների ընթացքում որևէ բան իր գույքից չի վաճառել։
Գաբրիելյանը նաև նշեց, որ դատախազության տնօրինության ներքո է Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտի վաճառքի գործը (մարզական միության ղեկավարության կողմից): Մասնավոր ընկերությունը ցանկացել է քանդել մարզադաշտը և դրա փոխարեն բարձրահարկ շենքեր կառուցել։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարությունը հայտարարեց Երևանի կենտրոնում գտնվող ստեղծագործական միությունների (կոմպոզիտորների, նկարիչների, գրողների) շենքերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը հաստատելու անհրաժեշտության մասին։
Կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ շենքերը ստեղծագործական միությունների օգտագործմանը թողնելով` անհրաժեշտ է հետևել, որ այդ շենքերը ծառայեն իրենց կանոնադրական նպատակներին (այսինքն՝ այնտեղ պարբերաբար մշակութային միջոցառումներ անցկացվեն - խմբ.): Սակայն վերջին շրջանում այս գործընթացում առաջընթացի մասին տեղեկություններ չկան։