ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։
«Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում, Բաքվի ռեժիմի կողմից ճմնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների նմանատիպ հայտարարությունները, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, նա Բաքվի բանտում է, գերի»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են, և մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան։
Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հանդեպ, ով, գտնվելով ադրբեջանակն գերության մեջ, իր ցուցմունքում հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է, և որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մարտի 3-ին Բաքվի հերթական շինծու դատական նիստի ժամանակ ցուցմունք էր տվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել։
Կրկին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Հարությունյանի խոսքով՝ ինքը «նոր մարդ» է եղել և 2020 թվականի ամռանը սկսել է այցելել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ Հարությունյանը նշել է, որ բանակի մասին ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրել է հայկական «մամուլի ծառայությունը» (թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, չի հստակեցվում, -խմբ.): Նա իբր նաև խոստովանել է, որ այն ժամանակ մի քանի հրապարակային հայտարարություններ է արել (որոնք տեղադրվել են սոցցանցի իր էջում), ինչի համար հիմա զղջում է։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։