ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր հրատապ հավաք է անցկացվում` Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։
Ակցիայի մասնակիցները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ռազմաքաղաքական մյուս ղեկավաների լուսանկարները պարզած` ՀՀ իշխանությունների ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատանդների շինծու դատավարությունների և նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումների վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավարությանն ու նրա վերջին լուսանկարներին, որտեղ ակնհայտ երևում էր, որ հացադուլի մեջ գտնվող Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել, լրագրողների հետ զրույցում նշեց` սա ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին։
«Միջազգային բոլոր նորմերով` հացադուլ հայտարարածներն ազատվում են դատական նիստերին մասնակցելուց, մինչդեռ Վարդանյանը պարտադրված մասնակցում է դատական նիստին, որի ժամանակ նրա ինքնազգացողությունը նաև վատացել է։ Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ»,– նշեց Առաքելյանը։
Ըստ նրա` Բաքվում ապօրինի պահվող ռազմագերիների մասով ՀՀ իշխանությունների ու ԱԳՆ վարքագիծը մեծ հույսեր չեն ներշնչում. այս ամեն ինչին ՀՀ ԱԳՆ–ն արձագանքում է լռությամբ։
«Քիչ առաջ հրապարակած իր հայտարարության մեջ ԱԳՆ–ն իր մտահոգությունն է հայտնել գերների մասով, մինչդեռ փոխարենը պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի»,– ասաց Առաքելյանը։
Նա այն կարծիքին է, որ ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները պետք է ԱԳՆ հրավիրվեն ու ՀՀ–ի կողմից հստակ պահանջ նեկայացվի նրանց, որ Բաքվում պահվող ռազմագերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն։
Հավելենք, որ հրատապ հավաքի մասնակիցները ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտից շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք, ապա բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։