ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ․ Կոստանյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ շարունակվում է երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եվրաինտեգրման վերաբերյալ օրինագիծն ու ամբողջ գորընթացն ուղղված չե՞ն արդյոք ՌԴ-ի դեմ։
Նա նշեց, որ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ Այս համատեքստում, ըստ նրա, քաղաքացիական հասարակության և մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնված գործընթացը կառավարությունը համարել է դրական։
«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,- ասաց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա նախատեսվու՞մ է, Կոստանյանը նշեց՝ երբ լինի, կառավարության գործընկերները կիրազեկեն։ Լրագրողի ճշգրտող հարցին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարն ասաց՝ ներկայում նման օրակարգ չկա։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ Ազգային ժողովը փետվարի 12–ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։