Առանց տաբուների

«Նոր տարուն չուտելու տարբերակ չկա, բայց...». ինչպե՞ս ճիշտ խաղալ Մանուկ Բրուտյանի «խաղը»

«Առանց տաբուների» հաղորդաշարի հերթական հյուրը Մանուկ Բրուտյանն է, որը սոցիալական ցանցերում քարոզում է ճիշտ մարզվելն ու ցրում միֆերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի ֆիթնես–մարզիչ և բոդիբիլդեր Մանուկ Բրուտյանը պնդում է, որ Նոր տարվա օրերին հնարավոր չէ մի քանի կիլոգրամ ճարպ հավաքել, հետևապես պետք չէ անհանգստանալ և փչացնել տոնական տրամադրությունը։
«Նոր տարուն չուտելու տարբերակ չկա, բայց փորձեք չխառնել բոլոր տեսակի ուտեստները։ Սովորույթի համաձայն` սկզբից նախուտեստներով են հյուրասիրում, հետո տաք ճաշատեսակներով, հետո միրգ և քաղցր, հետո պաղպաղակ ու եսիմինչ, այս ամենին զուգահեռ ալկոհոլն են օգտագործում ...Մի մոռացեք, որ ձեր ստամոքսը բլենդեր չէ և չի կարող այդքանը աղալ», - նշում է նա։
Մանուկը խորհուրդ է տալիս մի քանի ժամանոց դադարներ անել և ոչինչ չուտել։ Նաև կարելի է ֆիզիկական ակտիվություն դրսևորել ` օրինակ արագ քայլել։ Ֆիթնես–մարզիչը նաև հորդորում է չչարաշահել ալկոհոլն ու հիմնականում մի տեսակի խմիչք օգտագործել։ Տղամարդկանց դեպքում ցանկալի է խուսափել գունավոր խմիչքներից, կարելի է օղի կամ տեկիլա ըմպել, իսկ կանանց դեպքում` ընտրել դառը գինի։
Խոզի բուդն ու «Մայրաքաղաքայինն» օտար են. ինչ պետք է լինի Ամանորին իսկական հայկական սեղանին
«Փորձեք օրական սահմանափակվել 2-3 բաժակով ` տղամարդիկ, 1-2 գավաթ գինով` կանայք։ Հիշեք, որ ամեն բաժակն ամենաքիչը 150 կիլոկալորիա է։ Բացի դա,լյարդն է ծանրաբեռնված աշխատելու, օրգանիզմն է ջրազրկվելու, արյան անոթներն են նեղանալու, և այլն», - ասում է ֆիթնես–մարզիչը։
Մանուկ Բրուտյանը խոսում է նաև ֆիթնեսի և սննդակարգերի միֆերի մասին, ներկայացրել առողջ նիհարելու սկզբունքներն ու գործոնները, կիսվել ռեկորդային ցուցանիշներով և ձախողման պատմությամբ։ Մանուկը պատմել է բոդիբիլդեր դառնալու իր պատմությունը։ Այս և այլ թեմաների մասին ավելի մանրամասն` տեսանյութում։