Լարված իրավիճակ և քաշքշուկ Երևանի կենտրոնում՝ դատախազության մոտ

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ իրավիճակը լարվեց դատախազության մոտ հավաքված «Սրբազան պայքար» շարժման աջակիցների և ոստիկանների միջև։ Լեզվակռիվ սկսվեց ոստիկանների և մասնակիցների միջև, որը վերաճեց քաշքշուկի։ Շարժման աջակիցները բերել էին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը և փորձում էին ցուցադրել` ինչպես ձերբակալել Փաշինյանին։ Ոստիկանները խրտվիլակը խլեցին և տարան, ինչից հետո իրադրությունը լարվեց։
Սրբազանը ոստիկանությանը կոչ արեց. «Էդքան մի տանջվեք, տղե՛րք, էս մարդը ձեզ էլ է հանձնելու, ինչպես հանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։
Ցուցարարները նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ։
Լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։
Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ են եկել երկու պահանջով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտմանը հանցակցելու համար, նաև քրեական գործ հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ապա ստանալով պատասխան, որ իրենց կարող է ընդունել դատախազության ներկայացուցիչ, բայց ոչ գլխավոր դատախազը, մերժել են այդ առաջարկը։