ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է երկրորդ ժամկետով վերընտրվելու համար չպայքարել իշխող Դեմոկրատական կուսակցությունում «հեղաշրջման» պատճառով: Նման կարծիք է հայտնել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ հեղաշրջում է եղել։ Նրանք չէին ուզում, որ նա առաջադրվի։ Նրա վարկանիշը, հարցումներից դատելով, շատ էր ընկել, և նրանք կարծում էին, որ նա կպարտվի: Գնացին նրա մոտ և ասացին՝ դու չես կարող հաղթել ընտրարշավում»,- ասել է Թրամփը։
Որոշման վրա, մասնավորապես, ազդել են այնպիսի հայտնի դեմոկրատներ, ինչպիսիք են նախկին նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, որոնք հրապարակավ խոսում են այն մասին, թե որքան են սիրում Բայդենին, իսկ իրականում, ինչպես պնդում է Սպիտակ տան նախկին տերը, կուլիսներում դաժան են եղել նրա նկատմամբ բանավեճերի ժամանակ նրա ձախողումից հետո:
«Ես գիտեի, որ պալատական հեղաշրջում է նախապատրաստվում, և ենթադրում էի, որ նա, հավանաբար, կստանա դա (առաջադրումը- խմբ․)։ Նա առավելություն ուներ»,-ավելացրել է ԱՄՆ նախկին նախագահը՝ խոսելով դեմոկրատների կողմից նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսի մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Ի սկզբանե Դեմոկրատական կուսակցությունը պետք է ներկայացներ գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում նրա ձախողումից հետո դեմոկրատների շրջանում սկսեցին ավելի ու ավելի բարձր հնչել Բայդենին ուղղված՝ պայքարից հրաժարվելու կոչերը։ Հուլիսի 21-ին նա որոշեց դուրս գալ մրցավազքից և հայտարարեց, որ աջակցում է փոխնախագահ Հարիսի առաջադրմանը: