ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը: Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Ստորին պալատի խոսնակ Վյաչլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին:
«Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, մեր գործընկեր Արթուր Չիլինգարովը։ Արկտիկայի և Անտարկտիկայի անձնուրաց հետազոտող, պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, նա անգնահատելի ներդրում է ունեցել Հյուսիսային և Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրության և զարգացման գործում: Արթուր Չիլինգարովը ղեկավարել է մի քանի արշավախմբեր, մասնակցել է փրկարարական ամենաբարդ գործողություններին, երկար տարիներ աշխատել է ծայրահեղ պայմաններում՝ ամեն օր կատարելով աշխատանքային սխրանքներ»,– ասվում է Պետդումայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցրել, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։
Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։