Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Վաղ առավոտից կառավարության շենքը բոլոր կողմերից պաշտպանված է ոստիկանական շղթայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացիներին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան 10։30 հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ ժամը 11-ին գործադիր մարմնի նիստն է։
Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել էր ոստիկանական շղթայով։ Ոստիկանները նաև քարշակներով հեռացնում են հրապարակում թողնված ավտոմեքենաները։ Բագրատ սրբազանն ասել էր, որ եթե ոստիկանները կարգելափակեն ավտոմեքենաների ճանապարհը, պարզապես անջատեն շարժիչը և դուրս գան մեքենայից։ Վարորդներն այդպես էլ վարվում են՝ կաթվածահար անելով Հանրապետության հրապարակի շարժը։
Այս պահին իրավիճակը բավականին լարված է։ Ոստիկանները հրում են մարդկանց՝ փորձելով հեռացնել կառավարության մոտից։
«Հանդարտվեք, ոչ մեկը չշարժվի։ Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, եկել եք ի՞նչ, ո՞ւմ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, հետ գնացեք, փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասն էլ փակել եք դուք»,- բարձրախոսով հայտարարեց Բագրատ սրբազանը՝ դիմելով ոստիկաններին։
Ոստիկանությունը պահանջեց, որ ակցիայի մասնակիցները դուրս գան հրապարակի երթևեկելի մասից։ Բագրատ սրբազանն էլ շեշտեց՝ նախ ոստիկանությունը թող նահանջի երթևեկելի մասից, դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները դուրս կգան այս հատվածից։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։