ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում զրույցից հետո շարունակել են շփումը ոչ պաշտոնական մթնոլորտում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահը ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մինսկ:
Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահը, այնուհետև առաջնորդները մտքեր են փոխանակել այն թեմաների շուրջ, որոնք կցանկանային քննարկել առաջիկա բանակցությունների ընթացքում:
Երեկ օդանավակայանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում նախագահները քննարկել են անվտանգության հարցերը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ անվտանգության և Կովկասի վերաբերյալ առաջարկներ կան, որոնք նա քննարկել է Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
Իր հերթին Պուտինը նշել է, որ անվտանգության հարցերում երկու երկրների մոտ ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն նաև ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասնակցելու է Բելառուսը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Լուկաշենկոյի «ընդարձակ շփումը» տեղի կունենա նույն օրը երեկոյան, իսկ ուրբաթ օրը «կլինի այդ պաշտոնական այցի ամբողջական օրը»:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգ, արդյունաբերական կոոպերացիա, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի առաջընթաց, անվտանգության ամրապնդում, հումանիտար ոլորտում փոխգործակցություն: Բացի այդ, ավանդաբար ուշադրության կենտրոնում կլինեն միջազգային օրակարգը, իրավիճակը տարածաշրջանում, ստեղծվող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքը։