Իսրայելական հետքից մինչև օդաչուների սխալ. կրկին Իրանի նախագահի մահվան վարկածների մասին

Էբրահիմ Ռայիսի
Sputnik
Իրանի նախագահի ու արտգործնախարարի մահվան և ուղղաթիռի կործանման շուրջ տարբեր վարկածներ ու ենթադրություններ են պտտվում։ Հիմնական վարկածները 4-ն են՝ տեխնիկական անսարքություն, եղանակային անբարենպաստ պայմաններ, ներքաղաքական խժդժությունների և մրցակցության պատճառով նախագահ Էբրահիմ Ռայիսիին վերացնելու նպատակով կանխամտածված դիվերսիա, իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանք:
«Ինչպե՞ս կարելի է թռչել 45 տարվա տեխնիկայով»
Տեխնիկական անսարքությունը պաշտոնական վարկածն է։ Սակայն իրանական աղբյուրներն ու պաշտոնատար անձինք, բարձրաձայնելով այս տարբերակը, չեն մանրամասնում, թե տեխնիկական ինչ խնդիրներ են եղել: Բայց հաշվի առնելով ուղղաթիռի տարիքը (Ռայիսին եղել է 45 տարվա ամերիկյան Bell-212 ուղղաթիռում)`ապա հատուկ բացատրությունների կարիք էլ չկա։ Տեխնիկան հին է եղել։ Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի բազմաթիվ պատժամիջոցների պայմաններում իրանական քաղաքացիական և ռազմական ավիապարկը բավական բարդ վիճակում է։ Իրանցիները 40 տարվա ընթացքում սովորել են ինքնաթիռների և ուղղաթիռների բաղադրիչներից շատերն ինքնուրույն արտադրել կամ գնել «սև շուկայից», բայց դա չի փրկում իրադրությունը։
Կործանված ուղղաթիռի պատկառելի տարիքի մասին է խոսել նաև Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ասելով, որ իրանական իշխանություններն իրենք են մեղավոր, քանի որ թռել են հին տեխնիկայով։ Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնյան ամերիկացիներին բնորոշ ցինիզմով ու պրագմատիզմով հայտարարել է, որ իրանական ավիատեխնիկայի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի։
Եղանակային պայմաններ
Իրանի նախագահի մահվան մասին հայտնի դառնալուց ժամեր անց Բելառուսում ԻԻՀ դեսպանն իր հերթին հայտարարել է եղանակային անբարենպաստ պայմանների մասին: Ալիռեզա Սանեին հիշեցրել է, որ վթարի վայրում` լեռնային տեղանքում, շատ խիտ մառախուղ է եղել, անգամ ձյուն է եկել, տեսանելիությունը նվազագույն է եղել: Դիվանագետը իրավացի է. եղանակային վատ պայմանների մասին են վկայում նաև որոնողական աշխատանքների բազմաթիվ կադրերը:
Այս համատեքստում ավիացիայի վետերաններից շատերը խոսում են նաև օդաչուների պատասխանատվության մասին: Ռուսաստանի վաստակավոր օդաչու Վադիմ Բազիկինը կարծում է, որ օդաչուն նման որոշում չպիտի կայացներ՝ իմանալով վատ եղանակի մասին: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հետ զրույցում նա պարզաբանել է, որ նման իրավիճակներում վերջին խոսքը միշտ անձնակազմի հրամանատարինն է, նա է ստորագրում բոլոր փաստաթղթերը։ Նախագահի վարչակազմը, իհարկե, կարող է որոշել՝ օդ բարձրանալ, թե ոչ, բայց պաշտոնյաները, որպես կանոն, խորհրդակցում են օդաչուների հետ։
Մարդկային գործոնն է մատնանշում նաև ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Վիկտոր Զաբոլոտսկին։ Նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ենթադրել է, որ օդաչուներն այդ եղանակին և լեռնային տեղանքում թռել են շատ ցածր բարձրության վրա, և դա դարձել է նրանց ճակատագրական սխալը։ Նրա խոսքով՝ օդաչուները կարող էին չնկատել լեռան գագաթի տեսքով խոչընդոտը։
Ներքաղաքական խժդժություններ
ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ ավիավթարը կարող էր իշխանության համար մղվող ներքաղաքական պայքարի հետևանք լինել: Այս վարկածի կողմնակիցները նշում են, որ Ռայիսին համարվում էր առողջական խնդիրներ ունեցող 85-ամյա գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ամենահավանական իրավահաջորդներից մեկը: Այս առումով Ռայիսին կարող էր ունենալ հակառակորդներ, որոնք կուզեին վերացնել նրան: Հիմա՝ նախագահի մահից հետո, Խամենեիի իրավահաջորդների թեկնածուների թվում նշվում են նրա 55-ամյա որդուն՝ Մոջթաբ Խամենեիին, և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին:
Պարբերականները բավական հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում։ Օրինակ` «Turkiye» թերթը, հղում անելով իրանական հատուկ ծառայությունների իր աղբյուրներին, գրում է, որ ուղղաթիռը համալրված է եղել նավիգացիայի և տագնապի անհրաժեշտ միջոցներով: Ընդ որում` այն վարել են բանակի, ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդաչուները։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ուղևորների ցանկում վերջին պահին փոփոխություններ են կատարվել, և ուղղաթիռ են նստել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու այլ անձինք, որոնք ի սկզբանե պետք է Ադրբեջանից Իրան մեկնեին երկրորդ ուղղաթիռով:
Թուրքական մեկ այլ թերթ՝ «Hürriyet»-ը, հարց է տալիս, թե ինչու է համաձայնություն տրվել, որ ուղղաթիռն օդ բարձրանա եղանակային վատ պայմաններում։ Ավիացիոն կանոնների համաձայն՝ եղանակային պայմանների մասին տեղեկությունները նախապես են ստանում։ Ու հատկապես պետության ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը երբեք չի թռչի, եթե տվյալներն անբարենպաստ են։ Օդաչուն իրավունք ունի չլսելու որևէ մեկին: «Այդ դեպքում ինչո՞ւ է ուղղաթիռն օդ բարձրացել»,– հարցնում է հրապարակման հեղինակը։ Նա ուշադրություն է հրավիրում մի կարևոր հանգամանքի վրա. ինչպես հայտնի է, իրանական պատվիրակությունը տուն էր վերադառնում երեք ուղղաթիռով, մյուս երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել:
Թեհրանի հազարավոր բնակիչներ դուրս են եկել հրապարակ` աղոթելու զոհված նախագահ Ռայիսիի համար
Այդ կապակցությամբ թերթը հարցնում է. «Արդյոք այդ երեք ուղղաթիռները շարժվել են նո՞ւյն երթուղով։ Եթե նրանք շարժվել են նույն երթուղով, ապա ի՞նչ է տեղի ունեցել: Արդյոք մյուս երկու ուղղաթիռները չե՞ն զգացել վերադառնալու և ցամաքային հետախուզություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Եթե ոչ, ինչո՞ւ: Եթե երեք ուղղաթիռները թռել են տարբեր երթուղիներով, ապա դա ինքնին խնդիր է։ Արդյո՞ք այս երկու ուղղաթիռներն իրականում վայրէջք են կատարել»։
Պարբերականն իրավացիորեն նշում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ չպետք է գտնվեին նույն ուղղաթիռում։ Եվ այս դեպքում անհասկանալի է, թե ինչու էին նախագահն ու արտգործնախարարը նույն ուղղաթիռում։
Իսրայելցիներն առնչություն ունե՞ն
Բազիկինը չի բացառում նաև ուղղաթիռը պայթեցնելու վարկածը։ Ռուս փորձարկող օդաչուն նշում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռները չափազանց մատչելի են եղել այդ տարածաշրջանում, նրանց կարելի էր մոտենալ բոլոր կողմերից …
Ինչպես հայտնի է, Ռայիսին հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, նրանք միասին հիդրոհանգույց են բացել Արաքս գետի վրա՝ Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Գետից այն կողմ գտնվող տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանական իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են այդ տարածքներում իրականացվող լայնածավալ նախագծերի մասին։
Միաժամանակ իրանցի պաշտոնյաները բազմիցս ակնարկել են տարածաշրջանում Իսրայելի ռազմական ներկայության մասին: Որպես իսրայելական ներկայության հնարավոր վայր նշվում են գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքները, մասնավորապես իսրայելցիներ կարող են տեղակայված լինել Ֆիզուլիում (Վարանդա), որտեղ, ի դեպ, պատերազմից հետո Ադրբեջանը օդանավակայան և մի շարք այլ ենթակառուցվածքներ է կառուցել: «Իսրայելական» վարկածի կողմնակիցների կարծիքով՝ հրեական պետության հատուկ ծառայությունները չէին կարող բաց թողնել նման հարմար առիթը դիվերսիոն գործողության համար։
Բայց սա կրկին ենթադրություն է ... Այս բոլոր և այլ հարցերի պատասխանները պետք է տա հետաքննությունը, որի արդյունքները, ի դեպ, կարող են թաքցնել հասարակությունից։
Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահ Ռայիսիի այցը Հայաստան․ Ալեն Սիմոնյան
Աղետի նախանշաններ չեն եղել
Ողբերգության մասին բավական հետաքրքիր մանրամասներ է պատմել նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին, որը գտնվել է ուղեկցող ուղղաթիռներից մեկում:
Պաշտոնյան ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, և միայն մի փոքր հատվածում է ամպամած եղել՝ Սունգունի պղնձի հանքի տարածքում: Ինչ-որ պահի նախագահական ուղղաթիռի անձնակազմի հրամանատարը բոլորին հրահանգել է բարձրություն հավաքել։
Նրանք մի փոքր վերև են բարձրացել, և ընդամենը 30 վայրկյան անց նախագահական ինքնաթիռն անհետացել է։ Ուղղաթիռը, որում գտնվել է գրասենյակի ղեկավարը, վերադարձել է նախագահին տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար, բայց ապարդյուն: Արդյունքում որոշվել է վայրէջք կատարել հանքի տարածքում։ Փորձել են զանգել ուղևորներին, բայց ոչ ոք չի պատասխանել։ Զանգել են նախագահական ուղղաթիռի հրամանատարին, պատասխանել է Թավրիզի իմամ Մոհամմադ Ալ-Հաշեմին և ասել, որ ձորն է ընկել, բայց չի ասել, թե ինչ է եղել։
Ավելի ուշ նրա հետ նորից են կապ հաստատել, ասել է, որ իրեն վատ է զգում, գտնվում է անտառապատ տարածքում և ոչ ոքի չի տեսնում: Իսմայիլիի խոսքով՝ ուղղաթիռի ընկնելուց հետո իմամը ևս երեք ժամ պատասխանել է զանգերին։ Այնուհետև պարզվել է, որ վթարի հետևանքով բոլորը տեղում մահացել են, բացի Ալ-Հաշեմիից. նա մահացել է մի քանի ժամ անց:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ եղանակը հետո է կտրուկ փոխվել, բայց մինչ այդ` թռիչքից առաջ և թռիչքի ընթացքում այնպիսի եղանակային պայմաններ են եղել, որ որևէ աղետ չի կանխատեսվել։