Երգչուհի Սոնա Շահգելդյանը պնդում է, որ եթե երգարվեստով չզբաղվեր, ապա դերասանուհի կդառնար։ Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդաշարի եթերում նա պատմեց, որ ներկայում նկարահանվում է Լուսինե Մարտիրոսյանի «Թադևոսը Փարիզից» գեղարվեստական ֆիլմում, ու չնայած աշխատանքի բարդությանը և գիշերային նկարահանումներին, ոգեշնչված է այդ աշխատանքով։
«Միշտ առավոտյան եմ տուն եկել, բայց հասկացա, որ դերասանությունը իմ տարերքն է։ Այս պահին ես ավելի շատ եմ սիրում ֆիլմում երևալ, քան գուցե երգել։ Իսկ հանդիսատեսը կկարողանա գնահատել աշխատանքը, երբ այն մեծ էկրանին լինի», - նշեց Սոնան։
Նա նկատեց, որ իր ճանապարհը երգարվեստում հեշտ չի եղել, սակայն ընտանիքի աջացության և իր աշխատասիրության շնորհիվ կարողացել է իր տեղը գտնել ու մնալ այնտեղ գրեթե 20 տարի։ Սոնան նշեց, որ երբեք «գլամուր» չի եղել և միշտ իր երգով է առաջ գնացել։
Նա կարծում է, որ այժմ հայկական շոու բիզնեսում հետընթաց է գրանցվել, քանզի ընկել է համերգների որակը։ Երգչուհին պնդում է, որ արտիստը պետք է որակ թելադրի հանդիսատեսին, ոչ թե հարմարվի տենդենցներին։
«Կա՛մ պետք է լավ երգես, կա՛մ չերգես։ Իսկ նրանք, ովքեր ձայն չունեն ու չեն կարողանում լավ կատարել, փորձում են կերպարով գրավել հանդիսատեսին», – ասաց երգչուհին։
Սոնան նաև խոսել է որդու և էլի երեխաներ ունենալու ցանկության մասին, պատմել Երգի պետական թատրոնի նախկին ղեկավար, երջանկահիշատակ Արթուր Գրիգորյանի հետ շփումների մասին։
Սոնա Շահգելդյանը նաև նմանակել է մի քանի հայ երգչուհու և մասնակցել ֆուտբոլային խաղարկության։
Մանրամասները` տեսանյութում։